Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին, իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և երկրից մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա ճամափորդական ապահովագրություն Հայաստանի Հանրապետությունից:
Ծրագիրը ներառում է.
- 13-օրյա ճամբարային ծրագիր,
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
- հայրենագիտության դասընթացներ,
- ազգային երգի և պարի դասընթացներ,
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
- հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Այս տարի ծրագիրը կիրականացվի հունիսի 12-ից օգոստոսի 19-ը՝ 5 փուլով: Այս տարվա ծրագիրը նախատեսված է 600 սփյուռքահայ պատանիների համար:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2026 թվականի հայտերի ընդունումը ավարտվել է։
